Խրիմյան Հայրիկ
ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ
Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո):
1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր… Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ:
Մ. Խրիմյանի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ Հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը: Այնինչ հայը իր հայրենիքում զուրկ էր մարդկային-ժողովրդային տարրական իրավունքներից: Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր. «Մեր աշխարհին մեջ լացն ևս ազատություն չունի»: Եվ կարծես նրա մտորումներին արձագանքելով է, որ մերօրյա մեծ բանաստեղծը գրել է.
… Եվ այս ամենից, այսքանից հետո՝
Իրավունք չկար մինչև իսկ… լալու:
Կլինի՞ մի օր, մտորում էր Հայրիկը, «երբ մեր գյուղացին հանգիստ վայելե» իր «հայրենյաց ագարակին արդյունքը», մեր «երկրում տիրե արդարություն և խաղաղություն», իսկ մեր ձորերում, ուր լռությունն սպանում է ավազակների հրազենը, շոգեքարշի սուլոց լսվի, «ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան»:
1849-ին «Բազմավեպ» հանդեսը տպագրեց Մ. Խրիմյանի գրական երախայրիքը՝ գրված Վիրգիլիոսի «Մշակականքի» հայերեն թարգմանության առթիվ: Դիմելով մեծահամբավ բանաստեղծ-թարգմանչին՝ Արսեն Բագրատունուն, և լիովին գիտակցելով նրա սխրանքի մնայուն արժեքը, երիտասարդ գրագետն այնուամենայնիվ շեշտում էր գործնականորեն հայրենանպաստ ջանքերի առաջնայնությունը դրա կան-մշակութային, ընդհանրապես որևէ կարգի գործունեության ասպարեզում:
Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօաարին քնար հարկանել…
Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ
Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն:
Սա էր, թերևս, Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը: Նույն ոգով նա գրեց «Հրաւիրակ Արարատեան»ը (1850): Այդ չափածո երկում Խրիմյանը աշխարհի չորս կողմերում ցրված հայ ընթերցողին տանում է Հայաստանի նվիրական վայրերը, ցույց տալիս երկրի ներկա վիճակը՝ նրա մեջ Հայրենաբադձության հուրը արծարծելու ակնկալությամբ:
1835 թ. Կ. Պոլսում Խրիմյանն սկսեց հրատարակել «Արծ-ի Վասպուրական» հանդեսը, որ երեք տարի անց փոխադրեց Վարագ: Դա եղավ առաջին պարբերական հրատարակությունը հայրենի երկրում: Հանդեսին աշխատակցում էին գլխավորապես նրա հիմնած Ժառանգավորաց դպրոցի սաները՝ Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ: 1860-ին այցելելով Կովկաս՝ Խրիմյանը հանգանակություն կազմակերպեց, որի միջոցները տրամադրվեցին դպրոցի և հանդեսի բարգավաճմանը: Երկու տարի անց նա Տարոնի առաջնորդն էր, սուրբ Կարապետի վանահայրը:
1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, մնալով միշտ անհաշտ պայքարող՝ հարստահարության, անարդարությունների, խավարի դեմ: Հինգ տարի մնաց Պոլսում, հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա,— լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ, վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազգին փափագն է»:
Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին: Այսպիսի դժվարություններ հաղթահարելու համար գործչին անհրաժեշտ էր անկոտրում կամք, կորով ու հոգեկան վիթխարի լարում, սեփական գործի արդարացիության հստակ գիտակցություն: Իսկ Խրիմյանը լի էր ավյունով, ուներ իրատես ու խորաթափանց հայացք, խորապես հավատում էր մարդկային բանականության, արդարության հաղթանակին, զերծ էր հոռետեսությունից, ԺԹ դարի հայ իրականության մի ուրիշ մեծ դեմք՝ Րաֆֆին Խրիմյանին նվիրված բանաստեղծության մեջ դիպուկ բնութագրել է այս ամենը.
Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն
Տգետը փշյա պսակ է հյուսում.
Իսկ նա լի հուսով յուր սերմն է ցանում
Եվ ապագայում հունձքի սպասում:
1876-ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», որ քնարերգություն է ամբողջովին արյունով ու արցունքով գրված: Պատկերելով աղետը, նա գիտակցում էր, որ բավական չէ «լալ միայն» հայրենի կորուստները, նահանջը, դժբախտությունները, որ անհրաժեշտ է գործնական միջոցների դիմել: Գրքի հասույթը տրամադրվեց Վանի չքավոր մանուկներին: Բայց այդ գիրքը նաև ոգեղեն արդյունք ունեցավ. նրա կորովի հեղինակը, ողբալով կորուստները, ջերմ ու մտերմիկ խոսքով մխիթարում, հուսադրում էր հայրենակիցներին. «Սակայն դուք մի՛ վհատիք, Ավետարանի հարվածյալ որդիքներ, հոըյս առ ու քաջալերվե, ժողովուրդ Հայոց, երկհազար ամ է, որ միշտ ջախջախվիս ու չես մեռնիր — Պարսիկ, Հույն, Արաբացին և Կովկասեան բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիք, բայց դու անվկանդանհուսահատ տոկացող ոգի մի ունիս, որով կապրիս ու կը մնաս մինչև ցայսօր»: Իսկ նրա խոսքը հավատ ներշնչում էր: Աղետն ավելի մեծացավ ու ծավալվեց, երբ ծագեց ռուսթուրքական պատերազմը: Խրիմյանը զրեց «Հայգոյժը», ողբաց «վայրագ խուժերուն ձեռքեն Հայոց անտեր ժողովուրդի» կրած տառապանքները: «Մարախի ու թրթուռի նման թափեցան, հայոց գյուղեր ծածկեցին, մի խուն ժամանակի մեջ ամեն կանանչություն կերան ու չորցուցին»: Այս երկուսը բավական եղան հեղինակին «ԺԹ դարի Խորենացի» հռչակելու համար: Հայրիկը հրատարակեց նաև «Դրախտի ընտանիքը», «Պապիկ և Թոռնիկը» և այլն: Թևավոր խոսքերով ու իմաստուն խորհուրդներով հարուստ նրա գրքերը մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին և խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա: «Ողբով ու կոծով մեր կորսված դրախտը միթե կարո՞ղ եմք գտնել. թոզ մեր աչքը լա, մեր սիրտն զգա, բայց աշխատինք մտքով, աշխատինք ձեռքով, մեր կյանքն ու վիճակը գտնել և դորա միջոցն է միմիայն
ընտանիքը վերանորոգել»,— գրում էր նա «Դրախտի ընտանիքում»: Սա էլ գրքի նպատակն էր, որ հեռու է «սուրբ ընտանիք» վերացական ըմբռնումից: Մ. Խրիմյանի այս ծրագիրը ավելի հասկանալի կդառնա, եթե նկատի առնենք, նրա համոզմունքը, թե «ներքին զեղծումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք»:
Խոսելով մարդկային անհավասար կյանքի, աղաղակող ընկերային անարդարությունների մասինՀայրիկը գրել է. «Երբ ժողովուրդն ընդհանուր մեր ընկերական կյանքին մեջ այսչափ մեծամեծ պարտիքներ կը կատարե, զօր հանապազ չարաչար կը տքնի և քիրտն կը թափե մարդկային հառաչադիմության համար. ո~հ, քանի՞ դառն ու դժվար է որ յուր հառաջ բերած անբավ արդյունքեն խիստ նվազ ու հոռի մասն կը վայելե»:՚Նա դիտում էր, որ մարդկային հասարակությունը ոչ բանական կառուցվածք ունի, որ «մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին»: Ընկերային կյանքին վերաբերող նրա բազմաթիվ հետաքրքիր դիտողություններից հիշենք ևս մեկը, որով մերժում է սպասողական, համբերող, հայեցողական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմությա՚ն ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն» – գրում է նա և հորդորում ժողովրդին «գիտցիր այսուհետև թե
դու ինքդ ես միայն քեզ օգնական» (ընդգծումը մերն է):
Առհասարակակ Խրիմյան Հայրիկի համոզմամբ միամտություն է ուրիշերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց, — ասում էր նա մի այլ առիթով, – բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե’ Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հողհայրենիք չշինվիր»: Նա անհրաժեշտ է համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում է չհուսահատվել, սպասելով, որ «օր մի ևս Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողեյ դու կտեսնես թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք: Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»: 1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը
նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»: Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբբերությունը. վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քազաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա դառնացած, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:
Դժբախտաբար համաշխարհային հանրության աչքին հայ ժողովրդի պայքարի իրավացիությունը արժեք չուներ, և վիթխարի իրական կորուստների դիմաց նրա հաղթանակները լոկ բարոյական են եղել մեծ մասամբ, ինչպես որ հակառակն էր թշնամիներինը: Անտեղի չի լինի, թերևս, հիշեցնել պանթուրքիզմի հայրերից մեկի՝ Զիյա Կեոքլափի խոստովանությունը.
«Մենք հաջողեցանք գրավել բազմաթիվ հողեր,
Բայց հոգեպես մենք պարտվեցանք ամենուր»:
(«Յառաջ» շաբաթաթերթ, 1967, 28 մակիս, N 33)
Անցյալի անցուդարձին ծանոթանալիս հեշտությամբ համոզվում ես, որ աշխարհի քաղաքական բեմահարթակի վրա քիչ, շատ քիչ բան է փոխվել հօգուտ մարդկայնության: Եվ եթե այսօրվա դիրքերից շատ բան հասկանալի է դառնում անցյալի մեջ, ապա առավել արդյունավետ են պատմության դասերը:
«Երկաթե շերեփի» փոխաբերությունը դարասկզբի ազատագրական պայքարի գործիչները մեկնաբանում էին միանշանակ. «Պետք է կռվել — ահա այդ խոսքերի իմաստը», — պնդում էր, օրինակ, Ք. Միքայելյանը (տե՛ս Քրիստափոր Միքայելյան, Հեղափոխականի մտքերը, Երևան, 1990, էջ 66): Բայց ժամանակակից քաղաքական պայքարը ցույց է տալիս, որ երկաթե շերեփը ևս ամենազորեղ, ամենաազդու կամ մանավանդ միակ միջոցը չէ: Պարզվում է՝ ոչ պակաս նվաճումների կարելի է հասնել, եթե շերեփը ազնիվ մետաղից է:
Երբ հռչակվեց օսմանյան սահմանադրությունը (1876), հայ մտավորականության մեջ ինչ-որ հույսեր արթնացան: Իր մտորումներն ու նկատառումները արտահայտեց նաև Խրիմյան Հայրիկը, («Ժամանակ և խորհուրդ յուր»): Այստեղ նա ևս խանդավառված՝ ասում էր. «Հասավ, հասավ այն ժամանակ ազատաբերիչ, քեզ ավետիս կու տամ, ժողովուրդ, լռած լեզուդ և փակված բերանդ բաց այսուհետև, խոսիր և գրե»: Բայց այս խանդավառությունն ավելի շատ առատորեն տրվող խոստումներին հավատալու ցանկություն էր, որովհետև գրքի առաջաբանում իսկ Հայրիկը չէր թաքցնում իր զարմանքը, որ ավելի հիմնավոր էր ու իրատեսական, «Մարդ չէր հավատար, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառավցած և ամուլ մայրը երկնելով հին աշխարհին համար նոր Մանուկ սահմանադրություն մը ծներ»:
1879 թ. Հայրիկը օգնություն կազմակերպեց Վանի սովյալներին, հիմնեց գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց: Բնաշխարհում նրա ծավալած հայրենանվեր գործունեությունը կառավարությանը դուր չէր գալիս, և 1885-ին Խրիմյանին կանչում են Կ. Պոլիս, այնուհետև, մի քանի տարի անց, «երկարատև ուխտագնացության» ուղարկում Երուսաղեմ, որ ըստ էության արտաքսում էր:
Իսկ ժողովրդի աչքին գնալով աճում էր Հայրիկի հեղինակությունը: 1890-ին, երբ հայությունը լայնորեն նշում էր նրա ծննդյան 70-ամյակը, «Մուրճ» հանդեսը գրեց. «Նա այսօր, որպես և անցյալում, ամենահեղինակավոր, ամենապատկառելի, ամենավստահելի ներկայացուցիչն է այն գաղափարի, որը մի պատրիարքի դարձնում է Ներսես, մի վիպասանի՝ Րաֆֆի, անհայտին՝ Գոլոշյան»: Ուստի և բնական էր, որ 1892 թ. Հայրիկը միաձայն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս:
Շատ ուշագրավ է մի մանրավեպ, որ վերաբերում է Հայրիկի կաթողիկոսության շրջանին և ժամանակին պատմել է մեծն Կոմիտասը: Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին:
— Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:
— Հինգերորդ դարի, – փորձում է գուշակել հնագետը:
— Անկեց ալ հին, – հուշում է կաթողիկոսը:
— Քրիստոսի ժամանակվա:
— Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության.
— Տեսնեմ, Վեհափառ, ինչ է այդ թանկագին հնությունը:
— Իմ ազգս է, — կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը, – Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք:
Դիպուկ է Խրիմյանի նկատողությունը, գեղարվեստական և պատմական արժեքներն այդչափ բարձր գնահատող մարդկությունը անտարբեր է դրանք ստեղծող ժողովրդի նկատմամբ: Հայրիկին վրդովում էր այն գիտակցությունը, որ ոչ միայն ըստ արժանվույն չի գնահատվում հայոց մշակութային ծառայությունը մարդկային քաղաքակրթությանը, այլև ամեն քայլափոխի անտեսվում են նրա իրավունքները՝ ըմբռնելով հանդերձ, որ նրա հակառակորդը քաղաքակրթությանը լոկ վնաս պատճառած, մարդկություն առաջընթացը կաշկանդող բարբարոս է:
Եթե Խրիմյանի գործունեության առաջին շրջանը կապված էր գլխավորապես Թուրքիայի ավազակապետության հետ, ապա նրա կյանքի վերջին տարիները խռովեցին ցարական կառավարության հակամարդկային գործողությունները: Ինչպես բազմիցս նկատել են քաղաքագետներն ու պատմաբանները, «Ռուսաստանը մրցում է Տաճկաստանի հետ պետական կյանքի բոլոր ասպարեզներում… Եվ վատաբախտ հային վիճակված է ապրել, օր-արև տեսնելու իրավունք հայցել» այդ երկու մահաբեր բռնապետութէոլնների սահմաններում՝ «սատանային ու խոր ծովին միջև» (այս փարչին արտահայտություն, փոխարեն հաճախ ասում են նաև՝ մուրճի ու զնդանի կամ սկիլայի ու խարիբդայի միջև): Անդրկովկասում փակվեցին ազգային բոլոր դպրոցները. 1903 թ. հունիսի 12-ի օրենքով, որը Հայրիկը Լինչին հասցեագրած նամակում որակեց իբրև «տարօրինակ օրենսդրություն»,— բռնագրավվում էր եկեղեցու գույքը: Եվ Ամենայն Հայոց կաթողիկոսը հերոսական, աննահանջ պայքար ծավալեց այդ որոշման դեմ: Նա հատուկ կոնդակով հոգևորականությանը հորդորեց չենթարկվել հրամանին: Նիկոլայ Երկրորդին հղած նամակում Հայրիկը բողոքում էր, որ հայ եկեղեցու համար կենսական նշանակություն ունեցող այդ օրենքն ընդունվել է առանց իր գիտության: Նույն նամակում անդրադառնալով Հայաստանում ծայր առած ժողովրդական բողոքի արտահայտություններին՝ ասում էր, որ այդ «հուզումները միայն ցույց են տալիս, թե որքան անսպասելի էր նոր հրովարտակը, որ ծանր պատժի հանգամանք ունի, թե ինչպես դա հակասում է եկեղեցու օրենքներին և ժողովրդի մեջ դարերով մշակված պատկերացումներին»:
Անհավասար պայքարում հայ ժողովուրդը հաղթեց իսկապես, և 1905-ի օգոստոսի 1-ին հրապարակվեց ցարի հրամանագիրը՝ հայ եկեղեցու գույքը վերադարձնելու և ազգային դպրոցները վերստին բանալու վերաբերյալ: Վճռական դերը այս հարցում, անշուշտ, Խրիմյանինն էր: Պատահական չէ, որ Ռուսաստանի Պետական դումայի հետադեմ երեսփոխանները կշտամբելով իշխանություններին, որ տեղի են տվել հայոց շարժման առաջ, կատաղի զայրույթով էին խոսում հենց Խրիմյանի մասին: Դրանցից մեկը տարիներ անց, 1908 թ., դեկտեմբերի 10-ին չմարող չարությամբ հիշեցնում էր. «Այն դեպքում, երբ Կոովկասում բոլոր մյուս ժողովուրդները երդման արարողությունը կատարում էին ռուսերեն, հայերը անհասկանալի ավանդույթի ուժով պահպանեցին այդ բանը հայերեն անելու իրավունքը: Ստոլիպինը պահանջեց, որ դադարեցվի դա: Չնայած այդ պահանջը առաջադրվեց միանգամայն կտրուկ ձևով, այն շրջաբերականով հանգուցյալ Մկրտիչի իշխանությամբ չեղյալ համարվեց: Ահա փաստեր, որ արտացոլում են, թե հայոց եկեղեցական ստացվածքը վերադարձնելու պահից ի վեր հայոց վերաբերմունքը ռուսական իշխանության նկատմամբ չի փոխվել» («Кавказский Запрос в Государственной думе. Тифлис, 1909, էջ27. աե’ս նաև 63, 256 էջերը):
Հայոց Հայրիկի նվիրական իղձն էր տեսնել հարազատ ժողովրդին միասնական ու միակամ, հավաքված հայրենի ակութի շուրջը: Ազգի ուժերի համախմբման հայրենաշեն գործը նա կատարում էր նաև կաթողիկոսական պաշտոնագրերով: 1905 թ. մարտի 10-ի կոնդակով ազգահավաքման, հայրենադարձության կոչ էր անում եվրոպաբնակ հայերին. «Արիք, պանդուխտ և տարագիր հայք, ելեք և փութացարուք հայրենի աշխարհ ձեր… արիք և շինեցեք զավերակսն և բնակեցեք ի նոսա, աճեցեք և բազմացարուք և լցեք զերկիրն, երկիրն զոր ետ Տեր հարց ձերոց»:
Հայ մշակույթի ուսումնասիրության, Եվրոպայում հայագիտության զարգացման գործում Հայրիկը շատ բարձր էր գնահատում «Մխիթարման գրավաստակ հայրերի» ծառայությունները: Նա առանձնակի սիրով էր կապված իր «ծննդակից և սննդակից» Ղևոնդ Ալիշանի հետ, որի հիշատակին նվիրեց վերջին հոդվածներից մեկը: Մխիթարյանների նման նախանձախնդիր հայ կյանքի, մշակույթի առաջընթացին՝ Խրիմյան Հայրիկը բոլորանվեր այրումով ծառայեց հայ դպրությանը, երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, և իրավացի էր Ֆալկետտին, երբ հաստատում էր՝ «Կրթության և զարգացման եռանդը, որ արդ կերևա Հայաստանի մեջ, հայք կը պարտին մեծ մասամբ եռանդուն առաքյալ, հայրենասեր և քաջ գրող Մ. Խրիմյանի»:
1907-ին վախճանվեց առաքյալը, և ժողովուրդն իրեն որբ զգաց:
Խրիմյան Հայրիկը իր ազգանպաստ գործունեության ձիգ ու քարքարոտ ճանապարհին առաջնորդվել է մի սևեռուն գաղափարով, ազատագրել Հայաստանը բռնատիրության ճիրաններից, աշխարհով մեկ սփռված հայերին հավաքել հայրենիքում, հոգեվոր ու նյութական բոլոր ուժերը կենտրոնացնել երկրում և ստեղծել այնպիսի պայմաններ, որ այլևս հայը չհեռանա իր դրախտանման ոստանից. նրան տանջում էր այն պարագան, որ գեղջուկը հարկադրված թողնում էր իր սրբազան հողը ու գնում թախտ որոնելու օտար երկինքների տակ: Գաղթավայրը, որքան էլ բարգավաճ ու խոստումնալից, պանդուխտ հայի համար դրախտավայր չէր կարող լինել:
Ահա ինչու Հայրիկը ճիգ ու ջանք չէր խնայում բուն երկրում գործադրելոլ Հայոց սահմանադրության ընձեռած թեկուզ նվազագույն բարենորոգումները՝ հասկանալով հանդերձ, որ Թուրքիայի ողորմածությամբ ընդունված սահմանադրական կանոնները հային լիարժեք ազատություն չեն ապահովում, գործնական քայլերի էր դիմում՝ Արևմտյան Հայաստանում դպրոցներ, մամուլ հիմնելու, իսկ պատրիարքության տարիներին՝ լծվելու բնաշխարհի բազում խնդիրների լուծմանն ու գավառահայության հոգսերի դարմանմանը: Ելակետը բուն հայրենիքն էր, երկիրը: Գաղթավայրերի խնդիրը ածանցյալ էր: Եվ պատահական չէր, որ Պոլսո (արևմտահայության) պատրիարքության գահին նա ընդամենը չորս տարի մնաց, որովհետև ի զորու չեղավ Պոլսում ծվարած ազգային-սահմանադրական իշխանությունների ուշադրությունը հեռավոր ու տառապող հայկական գավառների վրա կենտրոնացնել, գործնական հողի վրա դնել նրանց ազգային մտահոգությունները, ուղղել դեպի երկիր, մյուս կողմից՝ այդ իշխանությունները, երեսփոխանական սին շահագրգռությունների ու առօրյա բանավեճերի հոսքից քշված, սահմանադրության տառին կպած՝ չկարողացան հասկանալ Հայրիկի մեծ հոգին, որ տրոփում էր երկրի ու ազգի ցավերով: Նրանք գոհ չէին Խրիմյանից, որովհետև, Հակոր Պարոնյանի դիպուկ բնութագրությամբ (որ ճիշտ էր հասկացել Խրիմյանին), Հայրիկը չօգտագործեց Սահմանադրության կետերը, ստորակետերը և բութերը:
Հայրենախոս Խրիմյանի այս գործելակերպը և գաղափարական նկրտումները, սկսած դեռ Վարագա վանքի ժառանգավորաց վարժարանի ու «Արծուի Վասպուրական» հանդեսի հիմնադրումից, հող նախապատրաստեցին հասարակական-գրական այն շարժման համար, որ 90-ական թվականներին հայտնի դարձավ «գավառական գրականություն» հորջորջումով և փոքր-ինչ ավելի ուշ ձևավորվեց իբրև գրական հոսանք: Շարժումն հաստատում էր այն ճշմարտությունը, որ ազգային մշակույթի ու գրականության կենսատու և հուսալի հենարանը մայր երկիրն է, ուր վաղնջական ժամանակներից ապրել է ժողովուրդը՝ իր կենցաղով, ընկերային-նտեսական հարաբերություններով, ըստեղծել իր նյութական ու հոգևոր արժեքները, ուր ձևավորվել է տոհմային ոգին ու բնավորությունը: Ի հակակշիռ գաղթավայրերում բարգավաճող գրականության, այն պետք է արտացոլի բուն երկրի կյանքը, ժղովրդի հոգսերը, կենցաղը, երազանքները, հայրենի բնությունը՝ հարազատ գույներով: Անցյալ դարի երկրորդ կեսին սրանք հրատապ խնդիրներ էին և ունեին քաղաքական բովանդակություն: Ահա ինչ է գրում Հ. Օշականը Խրիմյանի մասին, «Թե իր աշակերտ Սրվանձտյանցով, իրեն գործակից, իր իտեալին հավատարիմ արվեստագետներու որոշ խումբի մը կողմե հրապարակ նետված գավառական գրականություն վարդապետության իբր թելադրիչ, այս մարդը ծառայում է հայոց գրականության՝ դարձյալ դուրս է տարակույսն» («Համապատկեր արևմտահայ գրականության», 1956, էջ 309):
Բացի վերը հիշատակվածներից՝ Խրիմյանը գրել է կրոնաիմաստաբանական երկեր («Վերջին շաբաթ և Խաչի ճառ), «Մարգարիտ Արքայության երկնից»), հրապարակախոսական-պատմական հոդվածներ («Ժամանակ և խորհուրդ յուր», «Թագաւորաց ժողով», «Ծրագիր բարենորոգմանց» և այլն), բանաստեղծություններ, որ ամփոփված են «Վերջալոյսի ձայներ» ժողովածուի մեջ, «Ողբացող Խորենացին» քերթվածքը ևն, սակայն նրա, մուտքը գրական ասպարեզ նշանավորվեց առավելապես «Պապիկ և Թոռնիկ» երկով (1894), որը պարունակում է կենդանի ու վառ պատկերներ Վասպուրականի գյուղական իրականությունից, կենցաղի ու ավանդույթների նկարագրություններ, բնության տեսարաններ, ժողովրդական խոսք ու զրույցներ, փիլիսոփայական իմաստություններ ժամանակի, կյանքի ու աշխարհի մասին: Չնայած արտացոլում էր 60-70-ականների իրականությունը և բովանդակում այդ ժամանակաշրջանի միտումները, «Պապիկ և Թոռնիկը», սակայն, արձագանքում է նաև դարավերջի հրատապ խնդիրներին: Ավելին. իբրև գրական երևույթ, նրա երևան գալը համընկնում էր «գավառական գրականության» զարգացման նոր փուլին, որ նշանավորում էր անցումը դեպի գեղարվեստական գրականություն:
Հեղինակի հավաստմամբ «Պապիկ և Թոռնիկի» նյութը քաղել է «Վասպուրական երկրի շինական ժողովուրդի ծաղիկներեն»: Նախամուտքը հիշեցնում է Խ. Աբովյանի «Վերքի» առաջաբանը: Հայրիկը դժգոհում է քաղաքի «իմաստասեր մատենագիրներից», որոնք գրքեր չեն գրում գեղջուկների կյանքից, նրանց համար: «Պապիկի միակ նպատակն ի՞նչ էր, որ այս փոքրիկ գիրքը շարադրեց քեզ համար, որպեսզի դու կարդաս իմանաս ու ճանչնաս քո նշանակություն, ճանչնաս ու զգաս միանգամայն քո խեղճ կյանք ու վիճակ»: Նա ցավով է նշում, որ նույնիսկ գյուղական երիտասարդությունը կրթություն ստանալով՝ շատ դեպքերում կիսատ-պռատ, մոռանում է իր ծննդավայրը, շինականի հոգսերը և ապաստանում քաղաքներում: Գրողը հորդորում է շինական ժողովրդին, որ նա սիրի հայրենատուր հողն ու դաշտը և երբեք չբաժանվի նրանից: Եվ Պապիկը Թոռանը պսակում է «հողին ու մաճին, գութանին և հողագործության հետ», նա պետք է ուխտե անքակտելի պահելու այդ պսակը, «Ահա կը դնեմ քո գլուխ ցորենաբույսի ցողուններեն հյուսված այս գեղեցիկ պսակ, թող վկա լինին մեր մշակները, հոտաղներ և մեր լծկան գոմշուկներ և եզներ»: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել, բայց «եթե զրկվիս քո ժառանգած հողեն», Պապիկի տուն և ակութ կը քանդվեն:
«Պապիկ և Թոռնիկը» Խրիմյանի պատգամն է հայ ժողովրդին՝ անթառամ պահելու սերը հայրենի հողի նկատմամբ, չլքելու այն: Մեծ խորհուրդ են պարունակում հայրենախոսիկ Պապիկի նաև հետևյալ տողերը, «Թե մեռնիմ երթամ գերեզման և այլևս չկարիմ խոսիլ ձեզ հետ կենդանի բարբառով ու գրով. ահա կը թողում ձեզ գիրս իբրև մշտախոս կտակ և հիշատակ. որո միակ նպատակն է, որ հայն յուր հայրենատուր հողեն չբաժնվի, զի յուր սեփական ժառանգություն է դրախտի երկիր» ու պետք է «գործել զերկիր և պահել»:
Որքան էլ անիրականալի էին ռազմամոլ ու հետամնաց Թուրքիայի և ճորտական Ռուսաստանի պայմաններում հայրենի եզերքի վերաշինության խրիմյանական ծրագրերը, այնուամենայնիվ մեզ համար այսօր թանկ են ու պատմության մեջ մնայուն նրա անշահախնդիր նվիրումն ու գործնական ջանքերըխավարից դուրս կորզելու հայաշխարհը, քաղաքակրթության ուղի մղելու և հասնելու ազգային անկախության: Մկրտիչ Խրիմյանի ամբողջ կյանքը որոնումը եղավ ճշ մարտության և արդարության: Նա դառնությամբ արձանագրեց, որ քաղաքակրթությունը «դեռ մահ կը բերե, դեռ մարդոց համար սպանության գործիքներ կը հնարե: Քուն և հանգիստ չունին աշխարհիս տիրապետներ և դիվանագետներ, վիշապի նման տուտի վերա կեցած կը ֆշան, կը սպառնան, և ի՞նչ կը խնդրեն
պատերազմ»: Ո՞րն է «դարմանը այս մեր հիվանդ և թշվառ աշխարհին», — հարցնում էր մեծ մարդասերը և պատասխանում. «Ընկերասիրությունն ու միաբան զորությունն»: Պայծառատես գրողը հավատում էր, որ շուտով պիտի «մեռնին երթան աշխարհիս երեսեն խռովարար և անարդար տիրապետող ոգիներ», և արդարություն ու խաղաղություն պիտի հաստատվի, և ազատ ու երջանիկ մարդկության ընտանիքի լիիրավ անդամը պիտի լինի իր ժողովուրդը: Այդ նպատակին է ծառայեցրել նա իր գրիչը: Բացի արդարության և ազատության իդեալները հաստատելուց, հայրենիքի ու ազգի բարօրությունից, Խրիմյանը կարևոր էր համարում նաև ժողովրդի պատմական ավանդությունները գրի առնելն ու մամուլին ի պահ հանձնելը: Բնորոշ մի հանգամանք ևս. վառ հայրենասիրական կրքով շնչող նրա երկերը գրված են հայ ժողովրդի երկու հատվածին հավասարապես հասկանալի ու մոտ լեզվով:
1907 թ. նոյեմբերի 15-ին «Մերքյուր դը Ֆրանսի» մեջ տպագրված մահախոսականում Արշակ Չոպանյանը գրում էր. «Խրիմյանի կյանքն ու տիպարը ստվար հատորի մը նյութ կրնան կազմել, և այդ հատորը օր մը պիտի գրվի անշուշտ և պիտի ամփոփե ամենայն մանրամասնությամբ՝ այդ եզական դեմքին բոլոր գծերը,— և թերություննե՛րն ալ: Այս հոդվածով մենք նպատակ ունեինք հարգանքի և երախտագիտության պարտք մը կատարել այդ մեծ Հայուն հանդեպ»:
Ընթերցողն սպասում է այդ մենագրությանը, ինչպես Խրիմյան Հայրիկի երկերի գիտական հրատարակությանը: Ներկա հատորը երկարամյա լռությունից հետո առաջին փորձն է հայրենի ընթերցողին ներկայացնելու մեծ նվիրյալի գրական ժառանգությունը:
Հատորում զետեղված երկերը քաղել ենք «Հայ կրթական հիմնարկություն» հրատարակչության՝ 1929 թ. Նյու Յորքում լույս ընծայած «Ամբողջական երկեր Խրիմեան Հայրիկի» մի հատորյակից: Կատարված են որոշ սրբագրական ուղղումներ ճշգրտումներ: Խուսափել ենք նման կարգի արմատական շըտկումներից:
Արշակ Մադոյան
Սիլվա Կապուտիկյան
Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյան (հունվարի 20, 1919[1][2], Երևան, Հայաստան[3][1][2] – օգոստոսի 25, 2006[4], Երևան, Հայաստան), հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980), ԽՍՀՄ գրողների միության անդամ[5] (1941), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[6]։
Կենսագրություն
Սիլվա Կապուտիկյանը Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 14 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, ուսուցիչ, որը մահացել է 1919 թվականին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։
1936–1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1949-1950 թվականներին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով։ 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների։ Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ։ Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն։ 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը։ Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»։ Եղել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր[7]։
1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին։ 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։
Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը[8]։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
Սիլվա Կապուտիկյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնումՍիլվա Կապուտիկյանի և Արա Շիրազի հուշատախտակը Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցումՍիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Պարգևներ
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952 թվական, «Իմ հարազատները» գրքի համար (1951))
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (7.03.1969)
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (19.01.1979)
- «Պատվո նշան» շքանշան (2)
- Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (16.11.1984)
- Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1988 թվական)
- Նոսիդեի անվան միջազգային մրցանակ (Հռոմ, 1989 թվական)
- Երևանի պատվավոր քաղաքացի
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Տարվա կին» կոչում (1998)
- Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1.10.1999)[9]
- Հրաչյա Աճառյանի անվան մրցանակ
- Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ
Ընտանիք
Եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը։ Նրանց որդին՝ Արա Շիրազը, եղել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ (1941–2014 թվականներ)։
Հասցեներ
- ք. Երևան, Ամիրյան փ․, 20 (1919-1954)
- ք. Երևան, Տերյան փ․, 59, 3-րդ մուտք, 2 հարկ
- ք. Երևան, Կապուտիկյան 1, 26 բն. (1977-2006)
Երկերի մատենագիտություն
Գրքեր
- Օրերի հետ, Երևան, 1945, 104 էջ։
- Զանգվի ափին, Երևան, 1947, 76 էջ։
- Այս իմ երկիրն է, Երևան, 1949, 90 էջ։
- Իմ հարազատները, Երևան, 1951, 116 էջ։
- Իմ հարազատները, Երևան, 1953, 164 էջ։
- Քերթուածներ (հատընտիր), Հալէպ, 1954, 80 էջ։
- Սրտաբաց զրույց, Երևան, 1955, 124 էջ։
- Բարի երթ, Երևան, 1957, 412 էջ։
- Մի տարով էլ մեծացանք, Երևան, 1958, 86 էջ։
- Մտորումներ ճանապարհի կեսին, Երևան, 1961, 120 էջ։
- Բանաստեղծութիւններ, Պէյրութ, 1963, 256 էջ։
- Քարավանները դեռ քայլում են, Երևան, 1964, 532 էջ։
- Յոթ կայարաններ, Երևան, 1966, 560 էջ։
- Իմ էջը, Երևան, 1968, 240 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 1971, 88 էջ։
- Դեպի խորքը լեռան, Երևան, 1972, 85 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Քարավանները դեռ քայլում են, Երևան, 1973, 508 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1974, 528 էջ։
- Խճանկար հոգու և քարտեզի գույներից, Երևան, 1976, 512 էջ։
- Իմ ժամանակը (հրապարակագրություն և ուղեգրություն), Երևան, 1979, 344 էջ։
- Հատընտիր, Երևան, 1979, 168 էջ։
- Լիլիթ (բանաստեղծություններ), Երևան, 1981, 180 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 1981, 92 էջ։
- Ձմեռ է գալիս, Երևան, 1983, 120 էջ։
- Երկեր երեք հատորով, հատ. I. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Երևան, 1984, 544 էջ։
- Երկեր, հատ. II. Քարավանները դեռ քայլում են, Հրապարակագրություն, Երևան, 1984, 440 էջ։
- Ծաղկանոց, Երևան, 1984, 60 էջ։
- Երկեր, հատ. III. Խճանկար հոգու և քարտեզի գույներից (Ուղեգրություն), Երևան, 1985, 440 էջ։
- Գիրս մնաց հիշատակող, Երևան, 1988, 464 էջ։
- Գույներ նույն խճանկարից, Երևան, 1989, 640 էջ։
- Գիրս մնաց յիշատակող, Անթիլիաս, 1990, 444 էջ։
- Հոգու նույն երթուղիներով, Երևան, 1993, 152 էջ։
- Ոսկեհատիկ, Լոս Անջելես, 1994, 249 էջ։
- Տագնապ, Երևան, 1994, 125 էջ։
- Գիրս մնաց յիշատակող, Անթիլիաս, 1996, 444 էջ։
- Էջեր փակ գզրոցներից, Երևան, 1997, 688 էջ։
- Երգ սիրո մասին, Երևան, 1999, 120 էջ։
- Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 1999, 256 էջ։
- Նվիրում, Ստեփանակերտ, 1999, 192 էջ։
- Քարավանները հեռանում են, Երևան, 1999, 274 էջ։
- Չեմ կարող լռել (հրապարակախոսություն), Երևան, 2000, 458 էջ։
- Իմ կածանը աշխարհի ճանապարհներին (ուղեգրություն), Երևան, 2002, 676 էջ։
- Հայերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2004, 224 էջ։
- Յոթ տասնյակ տարի (բանաստեղծության բավիղներում), Երևան, 2004, 304 էջ։
- Նա իր գոյությամբ սրբացնում էր մթնոլորտը (հուշապատում), Էջմիածին, 2004, 52 էջ։
- Սիրերգություն, Երևան, 2004, 168 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 2005, 96 էջ։
- Վերջին զանգ (Հուշեր։ Հրապարակախոսություններ։ Հարցազրույցներ։ Բանաստեղծություններ), Երևան, 2006, 512 էջ։
- 90 երգ (բանաստեղծություններ), Երևան, 2009, 153 էջ։
- Քնարերգություն, Երևան, 2009, 236 էջ։
- Ընտրանի (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
- Հայերգություն, գիրք 1. Հայերգություն, Երևան, 2010, 160 էջ։
- Հայերգություն, գիրք 2. Սիրերգություն, Երևան, 2010, 136 էջ։
- Հայերգություն, գիրք 3. Անանձնական, Երևան, 2010, 136 էջ։
- Հայերգություն, գիրք 4. Ձոներգեր, Տագնապներ, Երևան, 2010, 160 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 304 էջ։
- Փոքրիկ Արա, ականջ արա, Երևան, 2013, 72 էջ[10]։
Մամուլ
- րդարության ձայնով։ «Գրական թերթ», 1948, № 3:
- Մեծ քաղաքի արվարձանում; Աշուն; Այս անգամ էլ; Կիսակայարանում; Գոհունակություն; Նվարդի հառաչը (բանաստեղծություններ)։ «Գրական թերթ», 1969, № 2:
Թարգմանություններ
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ռիվինա Ե., Նրա մասին, ով անհոգ է նայում դասին, Երևան, Հայպետհրատ, 1947, 11 էջ։
- Մոլդավիայի երկնքի տակ (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 103 էջ։
- ԽՍՀՄ ժողովուրդների գրականություն (Հատընտիր, որի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 286 էջ։
- Ողջույն քեզ, Հայաստան (Խորհրդային Հայաստանի մասին աշխարհի բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուի գործերի մի մասը թարգմանել է Սիլվա Կապուտիկյանը), Երևան, «Հայաստան», 1970, 101 էջ։
- Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ.- Բովանդ-ից՝ Բուրգերի վրա; Հավելագրում դամբարանի վրա; Դու եկար…; Հին տաճարում; Հայացք եմ նետում։
- Ազատության կանչ.- Երևան։ Հայաստան, 1973.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Ախմատովա Աննա։ Գիշերը՝ մուսայի հետ։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Վ. Դավթյան.- Երևան։ Իրավունք, 2009.- 96 էջ.- (Համաշխարհային պոեզիա 19)։
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակ
«Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, 22/01/2019
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս (դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի)[11]։ Ներկայացվել է նաև «Մեղուները» խորագրով պատկերագիրքը[12]։ Նույն օրը Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին[13]։